Ադրբեջանի կողմից վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակողական գործողությունների սանձազերծումը ոչ միայն ոտնահարեց իր կողմից 1994 թ. ստորագրված հրադադարի հաստատման, 1995թ. հրադադարի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագրերը, այլեւ ուղեկցվում են միջազգային մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ սանձազերծված լայնածավալ գործողություններում քաղաքացիական անձանց թիրախավորման առնչությամբ եւ ինչպիսի՞ միջազգային իրավական գնահատական է անհրաժեշտ այդ ոճրագործություններին:
«Ադրբեջանական գործողությունների առաջին իսկ ժամերից միտումնավոր եւ անխտիր թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները եւ քաղաքացիական անձինք, այդ թվում երեխաներ եւ տարեց մարդիկ: Խաղաղ բնակչության թվում առաջին տուժածներից էին ադրբեջանական կրակից սպանված 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ինչպես նաեւ եւս երկու վիրավորված դպրոցականներ:
Ադրբեջանը խախտում է Միջազգային մարդու եւ մարդասիրական իրավունքը, մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1949թ. Ժնեւյան կոնվենցիաները, 1977թ. Լրացուցիչ արձանագրությունները, Երեխաների իրավունքների մասին 1989թ. Կոնվենցիան:
Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական զինծառայողները գազանաբար խոշտանգել, խեղել եւ սպանել են Խալափյանների ընտանիքի երեք անդամների, որոնցից ամենատարեցը 1924 թ. ծնված Մարուսյա Խալափյանն էր: Անհնար է գտնել քաղաքացիական բնակչության նկատմամբ նման բարբարոսության որեւէ արդարացում: Ադրբեջանական բանակի գործողությունները դուրս են գտնվում ոչ միայն վերոնշյալ կոնվենցիաների, պատերազմի սովորութային իրավունքի, այլ նաեւ որեւէ քաղաքակրթության տարրական նորմերի սահմաններից:
Նման ոճրագործություններ ծրագրողները եւ իրականացնողները պետք է ենթարկվեն արժանի պատասխանատվության:
Կարեւորում ենք, որ միջազգային հանրությունը, ներառյալ մարդու եւ մարդասիրական իրավունքի օրակարգով գործող միջազգային կառույցները, խստագույնս դատապարտեն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական անձանց հանդեպ կիրառվող բռնությունները»,-ընդգծել է Շավարշ Քոչարյանը:




























