ԱՄՆ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացն ու համանախագահների ջանքերը: Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները:

Վաշինգտոնը սատարում է միջնորդների ջանքերը՝ «ղարաբաղյան հակամարտության արդար եւ ազնիվ կարգավորման հասնելու ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների վրա»:

«Մենք մտահոգություն ենք հայտնել բռնության սրման կապակցությամբ, սակայն հենց առաջնորդները պետք է քաղաքական կամք դրսեւորեն՝ հրադադարի եւ շարունակվող այս հակամարտությունում ամուր խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Թոները:

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կողմերին համառորեն կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ հույս ունի, որ հակամարտությունը կլուծվի:

Մարկ Թոները նաեւ հավելել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսով քննարկել են Ղարաբաղի իրադրությունն ու կողմերին կոչ արել վերադառնալ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններին:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնությունը եւ մեծ թվով զոհերի առկայությունը, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ինչը ցավալի փաստ է: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունն ու խուսափել իրավիճակի հետագա սրումից»,- հավելել է Թոները: