Մյանմարի նախկին նախագահ Տեյն Սեյնը երկուշաբթի բուդդայական կուսակրոն ձեռնադրվելու արարողություն է անցել, հայտնում է «Ասոշեյթեդ Փրեսը»:
Սոցցանցերում լուսանկարներ են տարածվում, որոնցում նախկին նախագահը ներկայանում է սափրված գլխով եւ կուսակրոնի նարնջագույն հագուստով:
Պետության նախկին ղեկավարը մենաստանում ընդամենը հինգ օր կանցկացնի, ասված է երկրի Տեղեկատվության նախարարության հայտարարության մեջ:
Գործակալությունը նշում է, որ մենաստանում ժամանակավորապես ապրելը հազվագյուտ բան չէ Մյանմարի բնակիչների համար, երկրի բնակչության կեսը մանուկ հասակում որոշ ժամանակ կուսակրոնների հետ է ապրում եւ արդեն հասուն տարիքում վերադառնում է մենաստան:
Անցած շաբաթ Մյանմարի նախկին նախագահ Տեյն Սեյնը պաշտոնապես իշխանական լիազորությունները հանձնել է իր հաջորդին` Թհին Չժոյին: Վերջինս 50 տարվա ընթացքում (1962-ի ռազմական հեղաշրջումից հետո) երկրի առաջին առաջնորդն է, որը զինված ուժերի ներկայացուցիչ չէ:




























