Հավանականությունը մեծ է, որ կարճ ժամանակում Ադրբեջանը կսկսի ավելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմել: Այս մասին այսօր` ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Այս պահին լայնամասշտաբ պատերազմ չի գնում, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը շատ կարճ ժամանակում կարող է գնալ էսկալացիայի`բավական լուրջ հարվածներ հասցնելով Ստեփանակերտին եւ այլ քաղաքներին»,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ սա դեպքերի զարգացման սցենարներից մեկն է:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող իրավիճակի զարգացման մեկ այլ սցենար էլ, ըստ քաղաքագետի, այն է, որ հայկական կողմը կվերականգնի շփման գիծը, եւ ոչնչացնելով կարեւորագույն ռազմական կետեր, կփորձի ադրբեջանական կողմին ստիպել պահպանել հրադադարի ռեժիմը:
«Երրորդ տարբերակը կլինի երկրորդի շարունակությունը, որի դեպքում մի քիչ ավելի երկար գործընթաց կունենանք: Ցածր եւ միջին ինտենսիվության ռազմական գործողություններն ավելի երկար կտեւեն»,-ասաց քաղաքագետը:
Ըստ Սերգեյ Մինասյանի`ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում մեր կողմից ոչնչացնող հարվածներ կհասցվեն Ադրբեջանի կարեւորագույն տնտեսական եւ էներգետիկ օբյեկտներին:
«Չգիտեմ` որքանով Ադրբեջանն ի վիճակի կլինի դրան դիմակայել: Բայց չեմ կարծում, որ կկարողանա, եթե մի քանի օրվա ընթացքում չհաջողվեց բլից-կրիգ իրականացնել, դա անել արդեն այս պահին շատ դժվար կլինի»,-նշեց քաղաքագետը:
Սերգեյ Մինասյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի` նախահարձակ լինելու գլխավոր պատճառը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում իր համար բացասական զարգացումներն է:
«Ադրբեջանը ցանկացել է ցույց տալ, որ ի վիճակի է ռազմական գործողությունները վերսկսել, դրա հետ մեկտեղ ազդել հայկական կողմերի եւ միջազգային հանրության վրա՝ ավելի նպաստավոր բանակցային գործընթացի առումով»,-ասաց քաղաքագետը:
Ադրբեջանը, քաղաքագետի խոսքով, շփման գծում լարվածության սրման է դիմել նաեւ երկրում տիրող տնտեսական, սոցիալական եւ քաղաքական վիճակից ելնելով:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր:




























