Համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դուրս է եկել եւ շարունակում է վերականգնվել, սակայն այդ գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում, ինչը ջանքերի ակտիվացում է պահանջում, վստահ է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար (ԱՄՀ) Քրիստին Լագարդը, հայտնում է RBK-ն:
«Իհարկե ֆինանսական մեծ ճգնաժամի ժամանակներից ի վեր զգալի առաջընթաց ենք արձանագրել, բայց քանի որ տնտեսության աճը չափազանց երկար ժամանակ չափազանց դանդաղ էր ընթանում, չափից շատ մարդիկ ուղղակի չզգացին դա», — պատմել է Լագարդը` ելույթ ունենալով Ֆրանկֆուրտի` Գյոթեի անվան համալսարանում:
Լագարդի խոսքով, առանձնահատուկ տագնապ է առաջացնում այն, որ զուտ տնտեսական ռիսկերը սաստկանում են «քաղաքականների»` ահաբեկչության, ռազմական հակամարտությունների եւ համաճարակների հաշվին, որոնք մարդկանց ստիպում են ավելի լավ կյանք փնտրելով` փախչել այլ երկրներ:
«Բոլոր այդ ցնցումները մարդկանց ստիպում են կասկածել առկա կանոնների եւ միջազգային նորմերի արդյունավետությանը: Ոմանք խնդիրների լուծումը տեսնում են սահմանները փակելու եւ հովանավորչության մեջ: Բայց պատմությունը մեզ սովորեցնում է` դարձյալ եւ դարձյալ, որ դա ողբերգություն կլիներ: Մեր փոխկապակցված աշխարհի խնդիրը կլուծի ոչ թե մասնատումը, այլ համագործակցությունը», — պարզաբանել է Լագարդը:
«Մենք անհանգստացած չենք, բայց զգուշանում ենք: Մենք բախվել ենք աճի խթանի կորստի խնդրին: Բայց եթե կարգավորիչները կարողանան դիմակայել այդ մարտահրավերներին եւ համատեղ գործել, այդ գործողությունների դրական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա էական կլինի», — պարզաբանել է Լագարդը:
Ֆրանկֆուրտում Գյոթեի համալսարանում իր ելույքը ԱՄՀ-ի ղեկավարն ավարտել է Գյոթեից մեջբերմամբ. «Իմանալը քիչ է, պետք է կիրառել գիտելիքները: Ցանկանալը քիչ է, պետք է անել»: Լագարդի խոսքով, համաշխարհային տնտեսությունը անորոշության ժամանակաշրջան է ապրում եւ հենց այժմ պետությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարները պիտի ցույց տան իրենց առաջնորդական որակները:



























