ՀՀ իշխանությունները բազմիցս մտահոգություն են հայտնել Բաքվին ռուսական զենքի վաճառքի կապակցությամբ: Այս մասին ապրիլի 5-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Մենք միշտ մտահոգություն ենք հայտնել եւ՛ զենքի վաճառքի, եւ՛ անհասցե գնահատականների կապակցությամբ, ու ոչ մի կաշկանդվածություն չենք զգում այդ հարցում: Հայաստանի իշխանությունները պաշտպանում են բացառապես Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը: Այն ամենը, ինչ պահանջում են Հայաստանի հանրապետության շահերը, մենք անում ենք ու կանենք: Սերժ Սարգսյանը խոսել է այդ մասին, ու մենք՝ որպես իշխանության ներկայացուցիչներ, նույնպես խոսել ենք: Նախագահի խոսքերը շատ հստակ էին, դիպուկ ու լիարժեք: Եվ բոլորի համար լրիվ հասկանալի»,- շեշտել է Շարմազանովը:




























