Ադրբեջանը տեսնում է, որ հայկական կողմից խուճապ չկա ու ուզում է այն սերմանել: Այս մասին լրագրողներին ԱԺ-ում ապրիլի 5-ին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծելու մասին ադրբեջանական սպառնալիքը:
«Իհարկե, նրանք Երեւանին էլ կսպառնան: Նրանք տեսնում են, որ խուճապ չկա ու ուզում են առաջացնել այն: Իսկ մեզ մոտ հակառակը՝ համախմբում է սկսվել: Իսկ նրանք ուզում են, որ մարդիկ գնդակոծությունների սպասեն՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում»,- ասել է Ռուստամյանը: Նրա խոսքով ադրբեջանցիները, հասկանալով, որ կենդանի ուժի կորուստ են տալիս, սկսել են զանգվածային ոչնչացման զինատեսակներ օգտագործել: «Նրանք համարում են, որ այդպես ավելի անվտանգ է, քանի որ հեռահար հրաձգության դեպքում նրանց կորուստները նվազագույնի կհասնեն: Բայց այդ կրակը խաղաղ բնակիչների դեմ է ուղղված: Ադրբեջանական կողմը այդպես է անում՝ չհասկանալով, որ դրան կարող է նաեւ մեր կողմից պատասխան լինել: Եթե նրանք ընդլայնեն կրակի տրամագիծը, ապա մենք էլ ստիպված կլինենք նույն կերպ վարվել»,- նշել է Արմեն Ռուստամյանը:




























