LifeNews-ի լրագրողները, որոնք աշխատում էին Ադրբեջանում ՝ ԼՂՀ հետ հակամարտության գոտում, պատմել են, որ ոստիկանությունն ու տեղի աշխատակազմը մշտապես ճնշում էին գործադրում իրենց վրա՝ փորձելով վռնդել երկրից:

Սկզբում թղթակիցներին երկու ոստիկան է կցվել, որոնք սակայն չէին խանգարում աշխատել ու թույլ էին տալիս, որ նրանք ազատ նկարահանումներ անեն: Բայց արդեն մի քանի օրից նկարահանման խմբին ակնարկել են, որ նրանք ավելի լավ է Բաքու մեկնեն:

Բացի դրանից, անմիջապես նկարահանումներից հետո լրագրողներին տարել են շրջանային աշխատակազմ, որտեղ երկու ժամ պահել են դատարկ սենյակում, չբացատրելով, թե ինչու: Անձնական զրույցներից հետո տեղի ոստիկանապետը բազմիցս ակնակել է, որ թղթակիցները ավելի լավ է երկրից հեռանան:

Ընդ որում իրավապահները հայտնել են, որ խումբը պետք է անմիջապես լքի սահմանամերձ գոտին: Լրագրողներին թույլ են տվել միայն հյուրանոցից վերցնել իրերը, ընդ որում ոստիկանների ուղեկցությամբ:

Հյուրանոցի սենյակում լրագրողները հայտնաբերել են, որ իրենց բոլոր իրերը ցաքուցրիվ եղած են ՝ ասես խուզարկությունից հետո:

Լրագրողներին ուղեկցել են մինչեւ Բաքու, թղթակիցների խոսքով նրանց հետեւում էին ընդհուպ մինչեւ օդանավակայան:

Շփման գծում, սահմանամերձ ավաններում, LifeNews-ի նկարահանման խումբը միակն էր ռուսաստանցի լրագրողներից ու այն ամենը, ինչ նրանք ցույց էին տալիս ու հաղորդում, նախապես ստուգվում էր ադրբեջանական ոստիկանության կամ աշխատակազմի կողմից: