ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ ապրիլի 5-ին, այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, այցելության նպատակը վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին տեսակցելն էր` ուշադրության կենտրոնում պահելով նրանց ապաքինման ընթացքը:
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է մարտական գործողությունների ժամանակ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հայրենիքի պաշտպաններին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով, քաջալերել է զինծառայողներին եւ մաղթել շուտափույթ ապաքինում:
Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն ու զորակցությունն է հայտնել ինչպես զինծառայողներին, այնպես էլ նրանց տեսակցելու եկած ծնողներին` հայրենասեր ու անձնվեր զավակներ դաստիարակելու համար եւ հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը եւ իր, եւ հոսպիտալի բուժանձնակազմի մշտական ուշադրության կենտրոնում է:


































