ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը մինչ ընտրվելը երկար տարիներ համագործակցում էր Ադրբեջանի պատվիրակության հետ եւ դրա մասին գիտեն եվրոպական մամուլը, հայտնի կազմակերպությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Ազգային ժողովում NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
«Բազմաթիվ լրագրողներ բազմիցս հանդես են եկել այդ մասին հրապարակումներով եւ դա որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Մենք ունենք ԵԽԽՎ ղեկավարի հետ պայմանավորվածություն, որ գոյություն ունի գործելակերպ, որը հատուկ է ԵԽԽՎ-ի նման կազմակերպությանն ու նախագահին. դա այն է, որ այդ կառույցը չի կարող լինել միակողմանի ու չհավասարակշռված: Հայտարարությունները չպետք է նպաստեն իրավիճակի սրմանը, այլ հակառակը՝ պետք է լինեն խաղաղության շեշտադրումներով»,-ասել է Հերմինե Նաղդալյանը:
Նա հիշեցրել է, որ արդեն իսկ հեռախոսազրույց է ունեցել Պեդրո Արգամունտի հետ իր մտահոգությունը ներկայացրել հայտարարության վերաբերյալ: «Բնականաբար մեր կողմից քայլերը լինելու են շարունակական: Մինչ ԵԽԽՎ նստաշրջանն ու նստաշրջանի ընթացքում էլ կլինեն հայտարարություններ եւ քննարկումներ»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։
Այսօր՝ ապրիլի 5-ին ժամը 12.00-ից շփման գծում հարաբերական հանգիստ վիճակ է:




























