Միխայիլ Սահակաշվիլիին պետք է Հայաստանում «անցանկալի անձ» հայտարարել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Ի՞նչ է նա դուրս տալիս: Նա իր խնդիրներն ունի Ռուսաստանի հետ, ինչու է խառնում Հայաստանը: Կամ Բելառուսի ԱԳ նախարարը: Դա ի՞նչ է դուրս տալիս: Ստիպեք հարգել մեզ»,-կոչ է արել Բագրատյանը՝ դիմելով իշխանություններին:

Նա հիշել է նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ նշելով. «Կամ էդ Ագրամենտը կամ Ագրամունտը… Ինչ եք նրա առջեւ… պարզապես հայտարարեք նրան «անցանկալի անձ»: Պետք է ավելի համարձակ լինել սեփական արժանապատվությունը պաշտպանելիս»:

Նշենք, որ ապրիլի 3-ին Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը հայտարարել է, որ Բելառուսը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքների վրա:

Նույն օրը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որն այսօր զբաղեցնում է Ուկրաինայի Օդեսայի նահանգապետի պաշտոնը, վերջին օրերին տեղի ունեցողն անվանել է «Պուտինի սադրանք»: