Հայաստանն ու Ադրբեջանը թող չլսեն «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության կողմից պատերազմ հրահրող կոչերին, եւ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Սելահաթին Դեմիրթաշը հայտարարել է, թե Թուրքիայի իշխանությունները չեն կշտացել Թուրքիայի հարավային սահմանը պատերազմական ճակատի վերածելուց, եւ հիմա պատերազմը Ղարաբաղ տեղափոխելու համար կրակի վրա յուղ են լցնում։

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարցը ոչ թե սադրանքներով, այլ սեղանի շուրջ պետք է լուծել։ Պատերազմը ոչ այդ երկրների ժողովուրդներին, ոչ էլ Թուրքիային օգուտ չեն տա։

Կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին. AKP-ի սադրանքները բանի տեղ մի դրեք, եւ նստեք սեղանի շուրջ ու երկխոսության միջոցով լուծեք խնդիրը։

Հենց սկզբից Էրդողանն ու Դավութօղլուն պատերազմ հրահրող հայտարարություններ են անում»,-ասել է Սելահաթին Դեմիրթաշը։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։

Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 12-ից շփման գծում համեմատական հանգիստ է տիրում: