Ամերիկյան Թենեսիի օրենսդիրներն Աստվածաշունչը նահանգի պաշտոնական գիրք է հռչակել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP գործակալությունը:
Նահանգի Սենատում համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է 19 օրենսդիր, 8-ը՝ դեմ: Օրինագծին ակտիվորեն դեմ է հանդես եկել նահանգի գլխավոր դատախազը: Նրա խոսքով, դա հակասում է Սահմանադրությանը, որն արգելում է օրենքով նախապատվություն տալ որեւէ կրոնական կազմակերպության:
Հանրապետական սենատոր Սթիվ Սազերլենդն էլ կարծում է, որ այս օրինագիծն ընդգծում է Աստվածաշնչի ներդրումը նահանգի պատմության եւ մշակույթի մեջ, այլ ոչ թե ընդգծում կառավարության կողմից որեւէ կրոնի նկատմամբ հովանավորչությունը:
Օրինագիծն ուղարկվել է նահանգապետին: Նա օրենքի նախագծի կողմնակիցը չէ, սակայն առայժմ հայտնի չէ, արդյո՞ք կօգտվի վետո սահմանելու իր իրավունքից:



























