ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն ու Մինսկի խմբի ամերիկյան եւ ռուսաստանցի համանախագահները Մինսկի խմբի անդամ պետություններին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Նրանք անհանգստություն են հայտնել շփման գծում բռնության աննախադեպ բռնկման առիթով: Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտակարգ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բաերը:

Հայտարարությունում ասված է.

«Համանախագահները հաստատեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, եւ պատերազմը միջոց չէ (դրա լուծման - խմբ.):

Մենք շնորհակալ ենք Գերմանիայի ներկայացուցչությանը՝ այս խնդրով հանդիպում գումարելու համար: Մենք նաեւ ականատես եղանք հրադադարի վերականգնման մասին հաղորդումներին, եւ հույս ունենք, որ դրանք կհաստատվեն, իսկ հրադադարի ռեժիմը կպահպանվի ու դրան հարգանքով կվերաբերվեն:

Որպես համանախագահ՝ ԱՄՆ-ն խստորեն դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները, որոնք հանգեցրին տասնյակ զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ուժային գործողությունները, խստորեն հետեւել հրադադարի ռեժիմին եւ զերծ մնալ այժմյան անկայունությունից օգտվելուն ուղղված գործողություններից:

Տեղում իրավիճակը ցույց է տալիս, թե ինչու կողմերը պետք է անհապաղ բանակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ հակամարտության վերջնական լուծման համար:

Մենք ուրախությամբ միացանք Մինսկի խմբի անդամ մյուս երկրների համատեղ հայտարարությանը, եւ ընդգծեցինք այս դրույթը:

Միացյալ Նահանգները հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ աշխատանքին՝ բանակցությունների հիման վրա տեւական խաղաղության հասնելու նպատակով»: