Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ԵԱՀԿ 57 անդամ երկրներին տեղյակ են պահել ղարաբաղյան հակամարտությունում վերջին զարգացումների մասին։
Ուորլիքն ու Կասպշիկը ողջունել են մարտական գործողությունները դադարեցնելու մասին նորությունը եւ կոչ արել կողմերին հարգել հրադադարի ռեժիմը։ Նրանք ընդգծել են, որ կարեւոր է վերադառնալ կայուն հրադադարի ռեժիմի հիման վրա քաղաքական գործընթացին։ ԵԱՀԿ անդամ երկրները համաձայնել են, որ վերջին լարումը խորապես մտահոգիչ է, եւ ԵԱՀԿ-ի համար անհրաժեշտ է շարունակել կենտրոնական դեր խաղալ խաղաղ կարգավորմանը նպաստելու գործում։ Բոլոր անդամ երկրները պետք է պաշտպանեն Մինսկի խմբի ջանքերը։
Համանախագահները հայտարարել են, որ նրանք մոտ ժամանակներս կմեկնեն տարածաշրջան դեսպան Կասպշիկի հետ։ Կասպշիկը նաեւ կլինի ռազմական էսկալացիայից տուժած շրջաններ, հենց որ դա թույլ տա իրավիճակը։
Բեռլինում ԵԱՀԿ նախագահ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն ասել է. «Մարտական գործողությունների դադարեցման մասին լուրերը հուսադրող են։ Հիմա մեր անմիջական ջանքերը պետք է ուղղված լինեն հրադադարի ռեժիմի կայունացմանը եւ ցանկացած նոր էսկալացիայի կանխմանը։ Ռազմական գործողությունները պետք է արդյունավետ կերպով դադարեցվեն։ Այդ կապակցությամբ ես ողջունում եմ համանախագահների այցը տարածաշրջան»։




























