Օֆշորային սկանդալի ֆոնին հրաժարական է ներկայացրել Իսլանդիայի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյունլեյգսոնը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse գործակալությունը:

Գյունլեյգսոնի անունը նշված է փաստաթղթերում, որոնք, իբր, պատկանում են պանամական Mossack Fonseca իրավանական ընկերությանը: Դրանք հրապարակած գերմանական Sueddeutsche Zeitung-ը պնդում է, որ փաստաթղթերը վկայում են օֆշորային սխեմաներին համաշխարհային մի շարք առաջնորդների եւ նրանց մերձավորների մասնակցության մասին:

Նյութերում հիշատակվում է, մասնավորապես, Wintris Inc. ընկերությունը, որը 2007 թվականին Գյունլեյգսոնն իր ապագա կնոջ հետ հիմնել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում:

Ավելի վաղ վարչապետը երկրի նախագահին առաջարկել էր ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել, սակայն մերժում էր ստացել:

Գյունլեյգսոնն Իսլանդիայի կառավարությունը գլխավորում էր 2013 թվականի մայիսից՝ խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած Առաջընթացի կուսակցության հաղթանակից հետո: