Կանադայի խորհրդարանի անդամ Բոբ Սարոյան դատապարտել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ագրեսիայի դրսեւորումները, որոնք բազմաթիվ հարձակումներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ:

Խորհրդարանականի խոսքով, Ադրբեջանը խախտել է 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը: «Ռազմական գործողությունների սանձազերծումը լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն այս հակամարտությունում միջնորդի դեր է ստանձնել, պետք է Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության կանչի իր գործողությունների համար, եթե ցանկանում է խաղաղ կարգավորման հասնել»,- հայտարարել է Բոբ Սարոյան:

Կանադայի Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը, ըստ նրա, հանդես է գալիս իրական հրադադարին վերադառնալու եւ կառուցողական բանակցությունների օգտին: «Իմ աղոթքները ճակատային գծի երկու կողմերի զոհերի ընտանիքների հետ են, որոնք կորցրեցին իրենց հարազատներին այդ անխոհեմ ագրեսիայի հետեւանքով»,- հավելել է կանադացի պատգամավորը: