Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ ապրիլի 5-ին ցույց է անցկացվել, որը նախաձեռնել է Ֆրանսիայի հայկական երիտասարդական Nor Serund կազմակերպությունը: Շուրջ 500 մարդ դեսպանությունից երեք հարյուր մետր հեռավորությամբ վանկարկել է. «Ալիեւը մարդասպան է», «Ալիեւ, հեռացի՛ր մեր հողերից», «Դատապարտել Ալիեւին»: Հավաքվածները Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչում են պահանջել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Nouvelle d’Armenie պարբերականի թղթակից Ժան Էքյանը:
Միաժամանակ, երբ նա ցույցի մասին տեսանյութով հոդված է հրապարակել, պարբերականի կայքը կոտրել են:
ԼՂՀ դրոշներով ցույց է անցկացվել նաեւ Վիեննայում, որտեղ ապրիլի 5-ին հատուկ նիստ էր գումարել ԵԱՀԿ Մշտական խորհուրդը: Ակցիայի ավարտին Մինսկի խմբին ուղղված նամակ է փոխանցվել ԵԱՀԿ-ին, որում Ավստրիայի հայկական կազմակերպությունները խստորեն դատապարտել են Ադրբեջանի գործողությունները:
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ հակաադրբեջանական ցույցեր են անցկացվել նաեւ Եվրոպայի մի շարք այլ քաղաքներում՝ Լոնդոնում, Աթենքում եւ Ստոքհոլմում, ինչպես նաեւ Բեյրութում: Հայերը բողոքի ցույցի են դուրս եկել նաեւ Լոս Անջելեսում:































