«Կարճլիկ» մականունով մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի անունը նույնպես հիշատակված է՝ ֆինանսական միջոցների հնարավոր լվացմանը վերաբերող այսպես կոչված պանամական փաստաթղթերում:

Համաշխարհային մակարդակի սկանդալ է բռնկվել Mossack Fonseca իրավաբանական ֆիրմային վերաբերող փաստաթղթերի հրապարակումից հետո: Suddeutsche Zeitung թերթը հավաստիացնում է, որ այդ փաստաթղթերը վկայում են այն մասին, որ մի շարք համաշխարհաին առաջնորդներ ու նրանց մտերիմներն առնչություն ունեն օֆշորային սխեմաների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Univision ալիքի տվյալներով, «Կարճլիկի» շրջապատից Մերորի Չակոնը, որը Գվատեմաայի քաղաքացի է ու ավելի հայտնի է Հարավի թագուհի մականունով, 2008-ին Mossack Fonseca ֆիրմայի օգնությամբ ստեղծել է Brodway Commerce ընկերությունը, որը օգտագործվել է թմրաբարոնի փողերի լվացման ու այլ հանցավոր գործունեության համար:

2007-ին այդ նույն պանամական ֆիրման ստեղծել է ընկերություն կոլումբիացի թմրաբարոն Խորխե Միլթոն Սիֆուէնտեսի համար, որը ապօրինի բիզնեսում «Կարճլիկի» գործընկերն է: Ավելի վաղ անցած դարի 80-ականներին, Mossack Fonseca-ն իբրեւ երկու ընկերություն էր գրանցել Մեքսիկայի այն ժամանակվա եւս մեկ հանցավոր առաջնորդի՝ Ռաֆայել Կարո Կինտերոյի համար, որը հիմա արդեն գոյություն չունեցող «Գվադալախարա» կարտելի ղեկավարն էր:

Պանամական փաստաթղթերի իսկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, իսկ Mossack Fonseca ընկերությունն էլ հայտնել է, որ հրաժարվում է հաստատել դրանց իսկությունը՝ լրագրողների գործողություններն անվանելով հանցագործություն: Ընկերության հիմնադիրներից մեկը՝ Ռամոն Ֆոնսեկան վստահեցրել է, որ որոշ փաստաթղթեր իրոք գողացվել են Mossack Fonseca –ից, բայց չի ճշտել, թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը: