Mossack Fonseca օֆշորների պանամական օպերատորի հիմնադիրներից Ռամոն Ֆոնեսկան հայտարարել է, որ լրագրողները կոնտեքստից հանել են տեղեկությունը, որը ստացվել է ընկերության էլեկտրոնային փոստից եւ տասնյակ համաշխարհային դեմքերի դեմ զանգվածային հետաքննության առիթ է դարձել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նա հավելել է, որ նամակները սխալ են մեկնաբանվել, իսկ զանգվածային հետաքննությունը «վհուկների դեմ որս» է ընդամենը։
Պանամայում կազմակերպության շտաբ գրասենյակում Ֆոնեսկան հայտնել է, որ օֆշորային կառույցներ ստեղծող Mossack Fonseca-ն գործել է օրենքի շրջանակներում։
Գործարարի խոսքով՝ որեւէ փաստաթուղթ չի ոչնչացվել։ Նա նաեւ նշել է, որ ընկերությունը ոչ ոքի չի օգնել խուսափել հարկերից կամ «փող լվանալ»։
Բացի այդ, Ռամոն Ֆոնեսկան կարծում է, որ կազմակերպությունը արտասահմանից իրականացված ցանցահենային հարձակման զոհ է դարձել։
Mossack Fonseca-ի հիմնադիրներից մեկը հայտնել է, որ ընկերությունում աշխատում է մոտ 500 աշխատակից, որոնցից 300-ը՝ Պանամայում։ Իրավաբանական ընկերության կառուցվածքի, այդ թվում արտասահմանում նրա աշխատանքի մասին տեղեկություններ տալ նա հրաժարվել է։
Ֆոնեսկան նշել է, որ օֆշոր ստեղծելն արժի 700-1000 դոլար, սակայն այդ գումարի նշանակալի մասը ստանում է պետությունը։ 40 տարվա ընթացքում կազմակերպությունը մոտ 250 հազար ընկերություն է հիմնել։




























