Ադրբեջանը խախտել է հրադադարի մասին 1994-ին կնքված եռակողմ համաձայնագիրը. նա պետք է կա՛մ վերադառնա այդ փաստաթղթին, կա՛մ էլ դիմի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ նոր փաստաթուղթ ստորագրելու համար: Այս մասին ապրիլի 6-ին ասել է ԱԺ պատգամավոր նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «Իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հետագա իրադարաձություններ» թեմայով քննարկման ընթացքում:

Հայաստանը,քաղաքական գործչի խոսքով, այս հարցում անելիք չունի: «Հիմա մարտական գործողությունները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը ադրբեջանական կողմի խնդրանքի պատասխանն է, քանի որ Ադրբեջանը փորձել է հանկարծակիի բերել Ղարաբաղի զինված ուժերին ու զավթել հայկական դիրքերը: Ադրբեջանական կողմի նպատակն էր որեւէ տարածք գրավել իրենց արկածախնդրությունն արդարացնելու համար: Դա նրանց չի հաջողվել, ավելին՝ նրանք բոլոր ուղղություններով հետ են շպրտվել՝ կրելով մեծ կորուստներ»,- շեշտել է Ալեքսանդր Արզումանյանը:

Հիշեցնենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության, անցած գիշեր ԼՂՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ին ձեռք բերված պայմանավորվածությունը կրակը դադարեցնելու մասին: