Ադրբեջանցի զինվորականները Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության դեմ ագրեսիայի ակտեր են գործել: Այս մասին նշվում է Ավստրալիայի խորհրդարանի անդամ Ջոն Ալեքսանդրի հայտարարության մեջ:

«Ցավով եմ նշում, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ ադրբեջանցի զինվորականներն ագրեսիայի ակտեր են գործել, որ գնդակոծությունների թիրախ է դարձել խաղաղ բնակչությունը՝ այդ թվում Մարտունի շրջանի դպրոցը, ինչի հետեւանքով մի 12-ամյա տղա է զոհվել ու երկու երեխա էլ լուրջ վնասվածքներ ստացել»,- հայտնել է Ջոն Ալեքսանդրը:

Քաղաքական գործիչը, որը Ավստրալիայի խորհրդարանում մի քանի անգամ ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով, նորից հաստատել է, որ այն հայաբնակ հանրապետություն է, որտեղ մարդիկ ապրում են կառավարման ժողովրդավարական համակարգով, հավատարիմ են մարդու իրավունքներին ու մամուլի ազատությանը ու դրանով զգալիորեն տարբերվում են իրենց մերձակա հարեւանից:

Իր հայտարարության մեջ Ջոն Ալեքսանդրը հիշեցրել է, որ այս տարի նշվելու է ԼՂՀ 25-ամյակը, սումգայիթյան ջարդերի 28-ամյակը եւ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։

Քննադատելով Ադրբեջանի ագրեսիան՝ ավստրալացի պատգամավորը նաեւ դատապարտել է Թուրքիայի կառավարության կողմից Դիարբեքիրում հայկական, ասորական եւ խալդական եկեղեցիների զավթումը։

Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային եւ Թուրքիայի կողմից մշակութային արժեքների բռնազավթմանը՝ Ջոն Ալեքսանդրն ասաց. «Այդ պատմական իրադարձությունները ծայրահեղ արդիական են մնում Երեւանի, Արցախի, Սուրի եւ ողջ աշխարհի հայ ժողովրդի համար»։

Ավստրալիայում հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արին Մարգարյանը երախտագիտություն է հայտնել Ջոն Ալեքսանդրին։ «Շատ կարեւոր է, որ մյուս պատգամավորները եւ սենատորները միավորվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայերի դեմ Ադրբեջանի կողմից հրահրված ագրեսիայի դատապարտման հարցում։ Պարոն Ալեքսանդրը բացել է Ավստրալիայում այդ հարցի շուրջ իրազեկվածության ճանապարհը»,- ասել է Արին Մարգարյանը։