Ադրբեջանում իշխող բռնապետ Ալիեւը քրիստոնյա Հայաստանի դեմ պատերազմ է սկսել։ Ճանկերը ցուցադրելուն նրան ոգեւորել եւ հրահրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Այս մասին գերմանական N-TV հեռուստաընկերության կայքում գրել է հոդվածագիր Վոլֆրամ Վայմերը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին լարվածությանը։
«Իրենից նավթային կայսրության ղեկավարի, կոռումպացված քրեական գանգստերի եւ կուսակցապետի խառնուրդ ներկայացնող Ադրբեջանի նախագահը ռազմական ագրեսիա է դրսեւորել Հայաստանի դեմ՝ սահմանային մարտեր սկսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Ալիեւի ագրեսիան սաստկանում է, իսկ նրա զինվորների դաժանությունը՝ աճում։ Ակնհայտ է, որ բռնապետը բացահայտ պատերազմ է փնտրում»,- գրում է հեղինակը։
Հոդվածագիրը հիմնավորում է իր կարծիքը՝ բացատրելով, թե ինչու Ադրբեջանը հենց այս պահին որոշեց հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա։ «Հայաստանն Ալիեւի համար ցանկալի արտաքին թշնամի է, քանի որ նա սեփական երկրում տեւական ժամանակ ընդվզումների է բախվում։ Նավթի գների կտրուկ անկումը սասանել է նրա իշխանության կոռումպացված հիմքերը։ Մինչեւ հիմա Ալիեւը կարողանում էր ներքին խնդիրները հանդարտեցնել նավթադոլարների միջոցով։ Բայց հիմա այդ քաղաքականությունը տապալվում է։ Ալիեւը վախենում է հեղաշրջումից։ Այդ պատճառով նա փորձում է ներքին խնդիրները լուծել Հայաստանի դեմ պատերազմի միջոցով, հենց դրա համար էլ խախտել է 1994—ից գործող հրադադարի ռեժիմը։ Նա ուզում է քրիստոնյա Հայաստանը քավության նոխազ դարձնել»,- գրում է Վայմերը՝ նշելով, որ Ադրբեջանին ճանկերը ցուցադրել է հրահրել Թուրքիան։
«Այս ռազմավարությունը մեզ արդեն ծանոթ է Թուրքիայից։ Երկու «թագավորիկներն» իրենց զինակիցներ եւ պատերազմի դաշնակիցներ են հայտարարել։ Իսկ Հայաստանի համար դա նշանակում է երկու ագրեսիվ պետություններից կողմից շրջափակման մեջ հայտնվել»,- եզրափակում է հոդվածագիրը։




























