Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին եւ Կովկասի մուսուլմանների խորհրդի նախագահ շեյխ ալ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին ուղերձներ է հղել, որոնցում հաղորդել է, որ հուզմունքով եւ տագնապով է ընդունել ողբերգական լուրերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների մասին, որոնց հետեւանքով տասնյակ մարդիկ զոհվել են եւ հարյուրավորները` վիրավորվել: Այդ մասին հայտնում է Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարքի մամուլի ծառայությունը:   

«Հույսս դնում եմ Աստծու աջակցությանը շուտափույթ հրադադարի եւ կողմերի հաշտեցման առումով», — ասված է Կիրիլի ուղերձներում:  Պատրիարքը նշել է, որ այս ծանր օրերին ինքն աղոթքով ապրումնակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին:   

Պատրիարքի խոսքով, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդները արդեն բազմաթիվ տարիներ իրար հետ համագործակցելով ծառայում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման գործին: «Վստահ եմ, որ այդ արժեքավոր փորձը կոչված է այսօր հիմք դառնալու ամուր եւ արդար խաղաղության արարման համար», — ընդգծել է Կիրիլ պատրիարքը: 

Ռուսական եկեղեցու առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին  II-ին եւ շեյխ ալ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին կոչ է արել հոգեւոր առաջնորդների իրենց ամբողջ հեղինակությունն օգտագործել արյունահեղության եւ թշնամության դադարեցման համար: 

«Իմ կողմից պատրաստ եմ ամենայն օժանդակություն տրամադրել հակամարտության կարգավորման բարի գործին»,-ամփոփել է պատրիարքը: