ԶԼՄ-ների աշխատանքը չի կարող դադարեցվել սեփական ցանկությամբ կամ, ասենք, խմբագրության դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով: Առավել եւս չի կարելի ԶԼՄ-ների հանդեպ ուժային գործողություններ կիրառել: Այդ մասին ճեպազրույցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ադրբեջանից LifeNews-ի նկարահանող խմբին վռնդելու դեպքը, որտեղ լրագրողները նկարահանում էին Լեռնային Ղարաբաղում բախումների հետեւանքները:
«Մենք Ադրբեջանում աշխատող մեր ռուսաստանցի գործընկերներից մանրամասն տեղեկություններ ենք հարցրել: Կարող եմ ընդամենը ասել, որ պետք է հարգել մամուլի աշխատանքը: ԶԼՄ-ների աշխատանքը չի կարող դադարեցվել սեփական ցանկությամբ կամ, ասենք, խմբագրության դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով: Եվ մանավանդ չի կարելի ԶԼՄ-ների նկատմամբ ուժային գործողություններ կիրառել», — ասել է Զախարովան:
«Լրագրողներին վռնդելը, նրանց նկատմամբ ուժային մեթոդներն անթույլատրելի են, որովհետեւ դրանք ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Լրագրողներին պետք է ոչ թե դուրս անել, այլ լրացուցիչ տեղեկություններ մատակարարել նրանց. պետք է խոսել նրանց հետ, մամուլի ասուլիսներ անցկացնել եւ այլն: Իհարկե, անհրաժեշտ է, որ լրագրողները հարգեն այն երկրի օրենքները, որտեղ գտնվում են», — հավելել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է LifeNews-ը: http://lifenews.ru.
Նախօրեին Ադրբեջանից դուրս էին արել LifeNews-ի` այնտեղ աշխատող նկարահանող խմբին: Մինչ այդ լրագրողներին հաջողվել էր լինել սահմանամերձ գոտու մի քան գյուղում, սակայն իշխանության ներկայացուցիչները պահանջել էին, որ աղավաղված, միայն Բաքվի դիրքորոշումը հաշվի առնող տեղեկություններ ներկայացվեն:




























