Այս փուլում մեր պետության եւ ժողովրդի համար կարեւոր է ամեն լուման, եւ միջոցները պիտի նպատակաուղղված ծախսվեն: Այդ մասին ապրիլի  6-ին խորհրդարանի նիստին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Վերականգնման եւ զարգացման միջազգային բանկի հետ «Պետական սեկտորի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի քննարկման ընթացքում:  

Պատգամավորի խոսքով, միջոցները ոչ միայն պիտի նպատակաուղղված ծախսվեն, այլեւ շատ կարեւոր է, որ ժողովուրդը հավատա դրան: 

Զեկուցող, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վախթանգ Միրումյանին դիմելով` Մելքումյանը հետաքրքրվել է  նախորդ երկու վարկային ծրագրի նպատակահարմարությամբ. «Այս վարկային ծրագիրն իրոք վստահություն ներշնչո՞ւմ է: Այդ միջոցներն իրոք ծառայե՞լ են նպատակին: Դուք  հավատո՞ւմ եք, որ ծախսված միջոցներն օգուտ կտան պետական սեկտորին»:

Միրումյանն իր հերթին վստահեցրել է ոչ միայն տվյալ վարկի անհրաժեշտության, այլեւ արդյունավետության վերաբերյալ. «Տվյալ ծրագրի ավարտին մենք կունենանք այնպիսի համակարգ, որը կապահովի ֆինանսական ծախսերի վերահսկողությունը»: