Սիրիայի ֆեդերալիզացիան սիրիացիների միջեւ բանակցային գործընթացի առարկա է, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ենթադրում ենք, որ Սիրիայի, այդ երկրի պետական կառուցվածքի ապագան բանակցային գործընթացի հարց է, որն այժմ ճռռոցով, դժվարությամբ, բայց սկսվել է` ոչ միանգամից: Առայժմ ընթանում է ոչ որպես ուղիղ, այլ միջնորդավորված երկխոսություն, բայց սկսվել է», — ճեպազրույցին ասել է Զախարովան` պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մոսկվան Սիրիայում դաշնային կառուցվածքի հաստատման վերաբերյալ:
«Հենց սիրիացիները, տարբեր ներկայացուցիչները, պաշտոնական Դամասկոսը, ընդդիմությունը` այն նույն ընդդիմությունը, որը հրաժարվել է հարցի լուծման ուժային մեթոդներից, այդ ամենը նրանք պիտի մշակեն: Սիրացիները պիտի որոշեն, թե Սիրիան ինչպես է ապրելու», — հավելել է նա:
Զախարովան ընդգծել է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումների որոշ մերձեցում է տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի վերաբերյալ:
«Որոշում է ընդունվել շտկել այդ դիրքորոշումը, Ասադի եւ նրա ապագայի թեման գլխավոր չդարձնել, միաժամանակ այն չհանելով օրակարգից, բայց որպես առաջնահերթ թեմա թողնել այնպիսի նպատակներ եւ խնդիրներ, ինչպիսին է ահաբեկչության դեմ պայքարը եւ խաղաղ գործընթացի սկիզբը դնելը», — ասել է Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: http://ria.ru
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ «ընդհանուր առմամբ չկան»: «Մենք հստակորեն խոսում ենք այն մասին, որ նախագահ Ասադի ճակատագիրը, ընդհանրապես կարեւոր չէ, թե Սիրիայի նախագահն ինչ ազգանուն ունի, պիտի որոշեն իրենք` սիրիացիները», — ասել է Զախարովան` հավելելով, որ հասկանալով իրավիճակի ամբողջ բարդությունը` «մենք գործի ենք դրել միջազգային աջակցության համապատասխան մեխանիզմները»:




























