Մեր ազգի համար բախտորոշ այս խաչմերուկում բոլոր հայերը եւ համայն աշխարհի ազատատենչ մարդիկ պետք է միասնական լինեն մեր պապենական բնօրրանի պաշտպանության հարցում: Այդ մասին ասվում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ։

«Կուսակցական գույներն ու կուսակցական քարոզչությունը պետք է ճանապարհ տան օրենքի իրական գերակայության, ժողովրդավարության եւ ազգային շահի վրա հիմնված մեր քաղաքացիական ու հավաքական իրավունքների միասնական պաշտպանության հրամայականին:

Մենք կանգնած ենք մեր քաջարի զինվորների կողքին ամեն առումով, եւ ընկած հերոսների ընտանիքների վիշտը զգում ենք՝ ինչպես սեփականը:

Մեզնից ամեն մեկը յուրովի մարտադաշտում է՝ հանուն մեր ազատության, արժանապատվության եւ ամբողջականության:

Եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվի Հայաստանի եւ աշխարհի կողմից:

Եվ չի կարող լինել արդարություն դրսից, քանի դեռ այն հաստատված չէ տանը»,- նշել է նա: