Չի կարելի զենքեր մատակարարել մի երկրի, որն ագրեսոր է, ահաբեկիչ է. դա վերաբերում է բոլոր այն երկրներին, որոնք զենք են մատակարարում Ադրբեջանին: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Դա վերաբերում է Ղազախստանին, Ուկրաինային, Ռուսաստանին, Բելառուսին, բոլորին անխտիր վերաբերում է»,-ասաց նա:

Լրագրողների հարցին, թե Հայաստան այցելության ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի առջեւ այդ հարցը բարձրացվելո՞ւ է, Մելիքյանն արձագանքեց, որ ԱԺ հայտարարությունների ժամին Ադրբեջանին սատարած պետությունների քայլերի վերաբերյալ արդեն գնահատականներ հնչել են:

Անդրադառնալով փաստին, որ ՌԴ վարչապետը Հայաստան ժամանելուց հետո հաջորդ օրը նաեւ Ադրբեջան է  այցելելու, ինչը նախապես չի եղել նրա օրակարգում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դրանք դրական ազդակներ են խաղաղություն ամրապնդելու նպատակով: Բայց հավասարության նշան դնելով միջազգային ցանկացած կառույց չի օժանդակում խաղաղության ապահովմանը, պետք չէ հավասարության նշան դնել ագրեսորի եւ պաշտպանվողի միջեւ»:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ այնուամենայնիվ, մտահոգիչ է Մեդվեդեւի` Հայաստանից հետո Ադրբեջան մեկնելը: