Հայաստան այցելող ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին պետք է ասել, որ Ռուսաստանի` Ադրբեջանին վաճառած զենքից զոհվել է երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե ինչու Ռուսաստանի, այլ գերտերությունների, նաեւ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարություններ չեղան, Զոհրաբյանը պատասխանեց. «Կգա ժամանակը եւ ինքն իր գնահատականները կհնչեցնի: Այս օրերին ես չեմ ցանկանում գնահատականներ տալ, կգա ժամանակը ես դիվանագիտական աշխատանքների վերաբերյալ գնահատականներ կհնչեցնեմ»:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս կարճատեւ պատերազմը պետք է ստիպի իշխանությանն ու դիվանագիտական կառույցներին իրենց գործունեության վերաբերյալ ոչ միայն հետեւություններ անել, այլեւ որոշ ոլորտներում որդեգրած քաղաքականությունը արմատապես վերանայել: Պատգամավորը շեշտեց, որ հայկական կողմը հստակ պետք է դնի, որ Ադրբեջանը ԵՏՄ անդամ չէ եւ ինչու պետք է ԵՏՄ նիստը անցկացվեր Ալիեւի տրամադրությամբ, մասնավորապես, Երեւանում նախատեսված նիստը տեղափոխել Մոսկվա, որպեսզի Ալիեւը դիսկոմֆորտ չզգար: «Ես չգիտեմ` որքանով է նպատակահարմար բոյկոտել ու չմասնակցոել այդ նիստին, միգուցե պետք է մասնակցել ու այդ խնդիրները հստակ բարձրացնել»,-ընդգծեց Զոհրաբյանը: