Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնյաների համար լրացուցիչ հանգստյան օր է սահմանել։ Ապրիլին եւ մայիսին նրանք յուրաքանչյուր ուրբաթ հանգստյան օր կունենան, ինչը հնարավորություն կտա խնայել էլեկտրաէներգիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վերջին տարիներին Վենեսուելայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները հազվագյուտ երեւույթ չեն, հատկապես շոգ եղանակին։  Նշենք, որ էլեկտրաէներգիայի ոլորտը Վենեսուելայում ազգայնացվել էր Ուգո Չավեսի օրոք։

«Հինգշաբթի կհրապարակվի հատուկ հրաման, որով, այս շաբաթվանից սկսած, յուրաքանչյուր ուրբաթ կհամարվի ոչ աշխատանքային օր ապրիլ եւ մայիս ամիսների ընթացքում»,- մեջբերում է Մադուրոյի խոսքը El Nacional-ը։

Մադուրոյի խոսքով՝ նման միջոցներով հնարավոր կլինի էլեկտրաէներգիան բավականին տնտեսել։ Իշխանությունները կկարողանան օրական խնայել 400 մեգավատ։

Ավելի վաղ իշխանությունները կարգադրել էին սահմանափակել էլեկտրաէներգիայի մատակարարումները առեւտրի կենտրոններում եւ կինոթատրոններում։