ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու կողմնակիցների թիվը ընդամենը 1 տոկոսով է գերազանցում հակառակորդների թիվը: Այս մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները, որը ICM սոցիոլոգիական ծառայությունը իրականացրել էր ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության հարցով հանրաքվեի նախօրեին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հարցման 2 հազար մասնակիցների կարծիքը, որը նրանք արտահայտել են ապրիլի առաջին օրերին ցույց է տվել, որ ինտեգրման կողմնակիցները 44 տոկոս են կազմում, եվրոսկեպտիկները՝ 43 տոկոս, իսկ 13 տոկոսն էլ դեռ չի կողմնորոշվել իր ընտրության հարցում: Այս տվյալները վկայում են, որ ԵՄ –ին Մեծ Բրիտանիայի անդամակցության կողմնակիցների թիվն աննշան կրճատվել է:
Այս ն ույն միտումի մասին են խոսում նաեւ մյուս հարցումները: Բրիտանացի տեսաբանների կարծիքով հասարակական կարծիքի նման փոփոխությունը ամենայն հավանականությամբ պայմանավորված է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի նոր ալիքով: ԵՄ արտաքին սահմաններին կատարվող իրադարձությունները կասկածելի են դարձրել միասնական Եվրոպայի առավելությունները:
ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեն ծրագրված է հունիսի 23-ին: Դրա անցկացումը երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի նախընտրական խոստումներից մեկն էր: Նա փետրվարի 18-19-ը կայացած եվրագագաթնաժողովի արդյունքներով Բրյուսելի հետ գործարք էր կնքել՝ ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության հատուկ պայմանների մասին, որոնք ըստ Քեմերոնի պետք է բրիտանացիներին դրդեն կողմ արտահայտվել ԵՄ-ի անդամակցությունը պահպանելուն:




























