ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նախարար  Լեւոն Մկրտչյանն ու ՉԺՀ առեւտրատնտեսկան հարցերով խորհրդական Վան Շիցեյը ստորագրել են  Երեւանում չինարենի խորացված   ուսուցմամբ  դպրոցի նախագծի իրականացման համաձայնագիրը, որով նախատեսվում  է սկսել  շինարարական աշխատանքները: ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ չինական դպրոցի կառուցման ծրագիրը հաստատված է Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության  միջեւ կնքված 2014 թվականի նոյեմբերի 21-ի միջկառավարական համաձայնագրով:

Կարեւորելով նախագիծը՝  Կրթության եւ գիտության նախարարը  նշել է, որ Հայաստանը ազգային կրթական համակարգի զարգացման համատեքստում կարեւորում է կրթական երկխոսությունն ու  միջմշակութային կապերի զարգացումը. «Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի, մենք այն դիտարկում ենք  երկու հիանավուրց ժողովուրդների  պատմության, լեզվի ու մշակույթի  ճանաչման արդյունավետ  մեխանիզմ»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Համաձայն ՀՀ կառավարության  որոշման՝   չինարենի  խորացված  ուսուցմամբ դպրոցը  կառուցվելու է Երեւանի  Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող  Հ. Գյուլիքեխվյանի անվան  N103 ավագ դպրոցի տարածքում:

Համաձայնագրում ամրագրվում է, որ նախագծային եւ շինարարական աշխատանքերն ամբողջությամբ իրականացվում են   Չինաստանի կողմից: Հայկական կողմը,  համաձայն  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի, ապահովում է  փորձաքննության եւ վերահսկողության  իրականացումը:

Չինական դպրոցի ծրագիրն ամբողջությամբ ֆինասավորվում է Չինաստանի հանրապետության կառավարության կողմից: Շինարարության արժեքը կազմում է ավելի քան 101 մլն յուան /շուրջ 15 մլն դոլար/: Ամրագրվում է, որ շինարարական աշխատանքները կմեկնարկեն  2016թ. եւ կտեւեն 2 տարի:

Կրթական համալիրն ունենալու է հանրակացարանային եւ ուսումնական  մասնաշենքեր, հագեցած է լինելու ժամանակակից տեխնիկական սարքավորումներով  եւ տարածաշրջանում լինելու է բացառիկ: