Ադրբեջանը չէր կարողացել գրավել Ստեփանակերտը, ու նա պետք է ցույց տար, որ ինքն էլ կարող է կռվել: Այս մասին ապրիլի 7-ին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ «Նոր իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ. հնարավոր զարգացումներ բանակցային գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ:
Քաղաքագետի խոսքով, Բաքուն փորձել է ինչ- որ ձեւով ազատվել 22-ամյա պարտության նվաստացումից: Ըստ Իսկանդարյանի, դա որոշ չափով արվել է, դրա համար էլ հրադադար է հաստատվել: «Ուրախ կլինեի սխալվել, բայց սա կայուն հրադադար չէ: Ադրբեջանը ունեցել է ու ունի ռացիոնալ պատճառներ կրակելու համար: Կարծում եմ, որ դժվար կհաջողվի հրադադարի մասին այս պայմանավորվածությունը վերածել իրական հրադադարի, այն էլ երկարատեւ»,- նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը, առաջվա պես, շարունակում է պնդել, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսելու մտադրություն չունի:
Հիշեցնենք, որ կողմերը ապրիլի 5-ի կեսօրին պայմանավորվել են դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Դրանից հետո ուղիղ բախումներ չեն եղել, բայց ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է գնդակոծությունները, ճիշտ է առանց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գործածման:




























