Պանամական իրավաբանական Mossack Fonseca ընկերության աղբյուրը դարձել է անհայտ Ջոն Դոուն, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Washington Post-ին:
Գերմանական Sueddeutsche Zeitung թերթի աշխատակից Բաստիան Օբերմայերը հայտնել է, որ ինքը հետեւյալ հաղորդագրությունն է ստացել. «Բարեւ ձեզ: Ես Ջոն Դոուն եմ: Ձեզ տեղեկություն կհետաքրքրի՞»: Դրական պատասխանից հետո սկսվել է օֆշորների վերաբերյալ սկանդալային տվյալներով 11,5 մլն փաստաթղթի վերբեռնումը:
Պարբերականը պարզաբանում է, որ Ջոն Դոուն ավանդական անվանումն է այն մարդկանց, ում անձն անհրաժեշտ է թաքցնել: Գերմանական պարբերականի բանակցություններն անանունի հետ սկսվել են ավելի քան մեկ տարի առաջ, սակայն մինչ այժմ անհայտ է, թե ով է թաքնվում այդ կեղծանվան հետեւում եւ ինչու է կապվել իրենց հետ:
«Մենք շատ ենք շփվել տարբեր եղանակներով, դրանք բոլորը գաղտնագրված էին: Երբեմն ես աղբյուրի հետ ավելի շատ եմ շփվել, քան կնոջս: Մենք խոսելու շատ բան ունեինք», — հայտնել է Օբերմայերը պարբերականին ուղղված նամակում:
Նա նաեւ նշել է, որ անհայտ մարդը երբեք փոխհատուցում չի պահանջել տրամադրված տվյալների համար: Այս պահին հայտնի չէ, թե արդյոք կշարունակվի համագործակցությունը:




























