Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գծում Ադրբեջանը չկարողացավ որեւէ լուրջ տարածքային հաջողության հասնել: Այդ մասին ապրիլի    7-ին հայտնել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Նոր իրավիճակ ղարաբաղյան հակամարտության շուրջ. հնարավոր զարգացումներ բանակցային գործընթացում» թեմայով քննարկմանը:

Նրա խոսքով, փաստացի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ ադրբեջանական կողմը չի կարող առաջ շարժվել, որովհետեւ կորցրել է այն, ինչին հասել էր ապրիլի 2-ի դրությամբ.    «Այստեղ շատ կարեւոր է այն, թե բավարարվել են արդյոք նրանց շահերը, որոնք իրականում կանգնած են այս սրացման հետեւում, որպեսզի թույլ տան, որ պահպանվի ստեղծված իրավիճակը: Բոլորովին այդպես չէ: Չեմ կարծում, թե Ալիեւի արշավը հանգեցրել է թեկուզ փոքրիկ հաջողության: Եթե խոսքն ընդամենը երկու ռազմավարական առումով ոչ կարեւոր բարձունքի մասին է, ուրեմն նա դրանց համար շատ բարձր գին է վճարել», - ընդգծել է Սաֆարյանը: Հետեւաբար, հավելել է նա, պատահական չէ, որ Ադրբեջանը շարունակում է դիվերսիոն ներթափանցումների փորձերը: 

Հիշեցնենք, որ  կողմերը պայմանավորվել էին ապրիլի 5-ի կեսօրից դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Այդ պահից ի վեր ուղղակի բախումներ չեն եղել, բայց ադրբեջանական կողմից կրակոցները պարբերաբար շարունակվում են, ճիշտ է, առանց համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի օգտագործման: