Դեռ ժամանակը չէ` պարզ խոսելու ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում լարվածության, Հայաստանի իշխանությունների բացթողումների, ռազմաճակատի ամրապնդման եւ տեխնոլոգիապես հետ մնալու վերաբերյալ: Այս մասին այսօր` ապրիլի 7-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

«Չպետք է այսպիսի տեխնոլոգիական ճեղքվածք լիներ հակառակորդի եւ մեր զինված ուժերի միջեւ: Բոլորս պետք է հասկանանք, որ ռազմական հզորությունը միայն զինամթերքն ու զինվորը չեն, դա նաեւ տնտեսության արդյունավետությունն է: Բազմաթիվ հարցեր են ծագում կապված տնտեսության զարգացման, կոռուպցիայի հետ: Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի հանրությունը պետք է հզորագույն դասեր քաղեն կատարվածից: Ես բազմիցս ասել եմ, որ այս տնտեսական վիճակն ու կոռուպցիան դառնում են ազգային անվտանգության խնդիր, որը անմիջապես ազդում է մեր ռազմական հնարավորությունների վրա»,-ասել է Լեւոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ սա միգուցե վերջին հնարավորությունն է դասեր քաղելու եւ հասկանալու, որ այսպես այլեւս շարունակել չի կարելի:

«Իշխանության անձնական սպառման ոլորտում ոչ մի տեխնիկական հետամնացություն չկա, սակայն չգիտես ինչու պետության ամենակենսական հարցում՝ բանակում, կա տեխնոլոգիական ճեղքվածք»,- նշել է Զուրաբյանն՝ անդրադառանալով Գերմանիայում Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը կռվում է 80-ականների զենքով:

«Ես հիմա դեռ չեմ ցանկանում ամբողջ կոշտությամբ ու ամբողջ վճռականությամբ անցնել քարոզչական հարձակման եւ իրականում բացահայտել, թե ինչ է կատարվել, որովհետեւ, այնուամենայնիվ, ինչ-որ ժամանակ պետք է, որովհետեւ մենք նախ ցավում ենք զոհերի համար, որոնք բազմաթիվ են, հիմա ժամանակը չէ ամբողջ ճշմարտությունն ասելու»,-ասել է Լեւոն Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է այն հարցադրումներին, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հագեցած է գերժամանակակից զինտեխնիկայով, իսկ ՀՀ բանակը` 80-ականների, Զուրաբյանն ասաց. «Տասն անգամ էլ ավելի ես կարող եմ այդպիսի հարցադրումներ անել, ուղղակի այս պահին դեռ ճիշտ չեմ համարում սրա մասին խոսել, ասելիք ու քննադատություն շատ ունենք եւ ասելու ենք, մենք ոչ մեկին չենք խնայելու, ուղղակի այս իրավիճակից դուրս գանք` նոր»: