Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի լուծման համար բոլոր բաղկացուցիչները արդեն կան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

« Այս խնդիրը ՌԴ նախագահի անձնական ուշադրության կենտրոնում է, նախարարների մակարդակով մենք եւ՛ ադրբեջանցի, եւ՛ հայ գործընկերների հետ պարբերաբար հանդիպում ենք երկկողմանի ու եռակողմ ձեւաչափերով: Իրոք, ես համաձայն եմ, որ գրեթե բոլոր բաղկացուցիչները ու պայմանավորվածություններն արդեն սեղանի վրա են: Պետք է ինչ -որ ձեւակերպումներ գտնել՝ ես այդպես կասեի: Քանի որ ըստ էության մենք շատ մոտ ենք: Ե՛վ երեկվա բանակցությունները այստեղ՝ Բաքվում նախագահ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, եւ՛ իմ վաղվա հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նվիրված է լինելու մեր ջանքերին: Անկասկած մենք երկու երկրների մյուս գործընկերներից գուցե ավելի շատ ենք շահագրգռված, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորվի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ կողմերը ապրիլի 5-ի կեսօրին պայմանավորվել են ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի մասին: Դրանից հետո ուղիղ բախումներ չեն եղել, բայց ադրբեջանական կողմի գնդակոծությունները պարբերաբար շարունակվում են: