Հակամարտությունը պետք է լուծեն դիվանագետները, ոչ թե զինվորականները։ Այս մասին ապրիլի 7-ին Երեւանում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

«Մենք, իհարկե, չէինք կարող այսօր չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ես դա քննարկել եմ վարչապետի հետ, երեկոյան ծրագրում եմ քննարկել նաեւ երկրի նախագահի հետ։ Ստեղծված իրավիճակը, անկասկած, մեզ լրջորեն մտահոգում է։

Հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, եւ կվերականգնվի քաղաքական գործընթացը, որում շատ բան է ներդրվել, եւ կարգավորմամբ կզբաղվեն դիվանագետները, այլ ոչ թե զինվորականները, եւ իհարկե, որպեսզի մարդիկ չզոհվեն,  ենթակառուցվածքները չավերվեն։

Ռուսաստանն այսուհետ նույնպես պատրաստ է միջնորդի դեր կատարել, համապատասխան գործընթացների շրջանակում օգտագործել իր ազդեցությունը: Գոյություն ունեցող մեխանիզմն այլընտրանք չունի, դրա լիազորություններն ամրապնդված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ-ի որոշումներով։ Ամենակարեւորը, եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, հակամարտությունը թեժ փուլի փոխանցումը բացառելն է, քանի որ դա կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար։ Բայց այդ հարցի քննարկումը, անկասկած, կշարունակվի»,- հայտարարել է Մեդվեդեւը։