Շվեյցարական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, պանամական փաստաթղթերում առկա է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի անունը, հայտնում է   «Գրուզիա On-line»-ը: 

Շվեյցարական Tribune de Geneve պարբերականը գրում է, որ 2006-ին, երբ Դավիթ Կեզերաշվիլին զբաղեցրել է իր պաշտոնը, նա ընդամենը մի բնակարան ուներ:   

«2008-ի դեկտեմբերին, ռուս-վրացական հակամարտությունից հետո նա ստիպված էր թողնել պաշտոնը… եւ շուտով օլիգարխ է դարձել»,- գրում է Tribune de Geneve-ը:

Պարբերականի տեղեկության համաձայն, Կեզերաշվիլիի հրաժարականից  10 օր անց վստահված անձը նրա համար  երեք օֆշորային ընկերություն է ստեղծել: Այդ ընկերությունների հաշվին են փոխանցվել նավթի վաճառքից խոշոր գումարներ:   

Tribune de Geneve-ի տեղեկության համաձայն, «պանամական փաստաթղթերից» պարզ է դառնում, որ 2012-ին Կեզերաշվիլիի օֆշորային ընկերություններից մեկը հաշիվ է բացել շվեյցարական  Banque Cantonale de Geneve (BCGE) բանկում, որին 20 մլն ֆրանկ է փոխանցվել: Բացի այդ, շվեյցարական մի քանի բանկերին   (ABN AMRO и BNP Paribas) համանման եղանակով եւս 25 մլն ֆրանկ է փոխանցվել:

Շվեյցարական պարբերականը նաեւ նշում է, որ 2013-ին Դավիթ Կեզերաշվիլիի դեմ հետաքննություն է սկսվել եւ Ինտերպոլը նրա ձերբակալության հրաման է տվել: Հետաքննության սկզբից հետո`   2013-ի մայիս-հունիսին Կեզերաշվիլիի վստահված անձն անսպասելիորեն պանամական իրավաբանական    Mossack Fonseca ընկերությանը խնդրել է փաստաթղթերը գրանցել հետին թվով: Այնուհետեւ` մինչեւ դատաքննության սկիզբը Կեզերաշվիլին իր բոլոր ակտիվները փոխանցել է այլ օֆշորային ընկերությունների: 

Tribune de Geneve-ի տեղեկության համաձայն, Կեզերաշվիլիի վստահված անձը պատասխանել է,  որ ինքը ֆինանսական միջնորդի դեր չի կատարել եւ իր ընկերությունը մուտք չի ունեցել հաճախորդների հաշիվներին: 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի դատարանները մերժել են Դավիթ Կեզերաշվիլիին արտահանձնելու` Վրաստանի դատախազության դիմումը: 

2016-ի ապրիլի 7-ին Շվեյցարիայի դատախազությունը սկսել է մի քանի բանկի, այդ թվում`  BCGE-ի գործունեության ուսումնասիրությունը, որում Դավիթ Կեզերաշվիլիի հետ կապված ընկերությունը հաշիվ էր  բացել: 

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած նյութերի համաձայն, պանամական իրավաբանական   Mossack Fonseca ընկերությունը որոշ դեպքերում հաճախորդներին օգնել է փող լվալու, հարկերը թաքցնելու եւ պատժամիջոցները շրջանցելու հարցում:  Հետաքննությունը հիմնված է Mossack Fonseca-ի 11,5 մլն փաստաթղթի վրա: Իրավաբանական ընկերության  հաճախորդների թվում հիշատակվում են համաշխարհային նախկին եւ գործող առաջնորդներ, քաղաքական գործիչներ եւ հայտնի մարզիկներ: