Ապրիլի 2-5-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ հայկական լրատվամիջոցներն իրենց առաքելությունը կարողացան կատարել: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Որեւէ կարեւոր, շրջադարձային իրադարձություն չվրիպեց Զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունից: Լրատվամիջոցների ներկայացուցիչները նոր եւ անսովոր իրավիճակում էին հայտնվել. 1990-ական թվականներին տեղի ունեցածն ու պայմաններն այլ էին, քան այսօր է: Այն ժամանակ այսպիսի տեխնոլոգիաներ չկային, ինտերնետ չկար, օպերատիվության առումով բարդություններ կային, իսկ այսօր այդ ամենը կա: Կարելի է ասել` մի կողմից հնարավորություններն են ավելացել, մյուս կողմից` պատասխանատվությունը»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Կոմիտեի նախագահի խոսքով` առաջին օրերին փաստերի պակաս էր զգացվում, որը, սակայն, կարողացան լրացնել այն թղթակիցները, որոնք հենց նույն օրը մեկնեցին Արցախ. «Թերություններ էլ կային. օրինակ, կրակի դադարեցման պայմանավորվածությունից մեկ օր անց ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել, որ Թալիշն իրենցն է: Մեր լրատվամիջոցների ներկայացուցիչները միայն մի քանի օր անց իրենց թղթակիցներին ուղարկեցին Թալիշ` ցույց տալու, որ ադրբեջանական տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ընդգծեց, որ հենց առաջին օրերին հեռուստաընկերությունները պետք է պարբերաբար հատուկ թողարկումներով ներկայացնեին իրավիճակը:
«Մեր Պաշտպանության նախարարությունը հնարավորություն տվեց լրագրողներին աշխատել տեղում, ներկայացնել իրավիճակը: Հետեւաբար, ոչ մի հեռուստաընկերություն խոչընդոտի չէր հանդիպում եւ կարող էր հենց առաջին օրվանից հեռուստադիտողներին օպերատիվ տեղեկատվություն հաղորդել»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով` հեռուստաընկերությունների բացը լրացնում էին առցանց լրատվամիջոցները:





























