Վերջերս Ռուսաստանի հայերի միությունը հարցեր է ստանում հայկական լրատվամիջոցներից՝ միության նախագահ Արա Աբրահամյանի դիրքորոշումը պարզաբանելու խնդրանքով՝ կապված վերջերս Ղարաբաղի իրադարձությունների, ինչպես նաեւ այն բանի հետ, թե «ինչո՞ւ է Ռուսաստանի հայկական համայնքը լռում, եւ ի տարբերություն մյուս երկրների, ցույցեր, հանրահավաքներ եւ նստացույցեր չի կազմակերպում»:

Այս թեմայի շուրջ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայության պարզաբանումը.

Այն որ ՌՀՄ-ն եւ Ռուսաստանի հայկական համայնքը ոչինչ չի անում եւ լռում է, ցավոք, սխալ կարծիք է, որը տարածվում է հայկական լրատվամիջոցներով, որոնք համառորեն չեն ցանկանում տեսնել եւ խոսել այն հսկայական աշխատանքի մասին, որը իրականացնում է ՌՀՄ-ն 15 տարուց ավելի, եւ մասնավորապես, հայերի համար այս դժվար ժամանակահատվածում:

ՌՀՄ-ն եւ Ռուսաստանի հայկական համայնքի ձայնը առանց ցույցերի էլ հասել է ինչպես մինչեւ Կրեմլ, այնպես էլ մինչեւ Ադրբեջան: Դրա մասին վկայում է Համառուսական ադրբեջանական կոնգրեսի ուղերձը ՌԴ ղեկավարությանը, որում ուշադրություն է դարձվում Արա Աբրահամյանի գործունեությանը, մասնավորապես, նրա «ազգայնական կարգախոսներին եւ կոչերին, ԼՂՀ-ում վերջին իրադարձությունների առնչությամբ արված հայտարարություններին, որոնցում Արա Աբրահամյանը Ադրբեջանին անվանում է ագրեսոր, բացասական արտահայտվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին եւ այլն»:

Նման բողոքով իրենց նախագահին կարող էին դիմել նաեւ ԱՄՆ-ում ապրող ադրբեջանցիները՝ հաշվի առնելով, որ այդ երկրում գտնվող Արա Աբրահամյանն ակտիվ աշխատանքներ է տանում Արցախին եւ արցախցիներին աջակցելու նպատակով, անցկացնում է հանդիպումներ կոնգրեսականների եւ ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչների, տեղի հայկական համայնքի հետ: Ի դեպ, 300 հազար ԱՄՆ դոլարից, որը ներդրվել է Հովհան արքեպիսկոպոսի կողմից ստեղծված Արցախին աջակցելու հիմնադրամում, 100 հազարը փոխանցել է անձամբ Արա Աբրահամյանը:

Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան՝ Արա Աբրահամյանը դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ Արբեջանին՝ որպես ագրեսոր երկիր, զենք մատակարարելու հարցում միջազգային էմբարգո հայտարարելու կոչով (քանի որ Արբեջանը իր ռազմական հզորությունը ավելացրել է ոչ միայն Ռուսաստանի օգնությամբ): Այս ցուցակը կարելի է շարունակել՝ ներառյալ Արցախին օգնություն ցուցաբերող փորձագետների հետ աշխատանքը, որի մասին կարիք չկա բարձրաձայնելու:

Ինչ վերաբերում է մեր անհամաձայնությանն այն բանի հետ, որ Ռուսաստանը չպետք է զենք մատակարարի Ադրբեջանին (այս հարցը Աբրահամյանը բարձրացրել է վերջին տարիների ընթացքում՝ դեռեւս ապրիլյան պատերազմից առաջ) կամ էլ այլ հարցերի հետ կապված, արտահայտվել է ՌՀՄ մի քանի հայտարարություններում, ինչպես նաեւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի եւ մեր կազմակերպության այլ ղեկավարների բազմաթիվ հարցազրույցներում, ովքեր, օրինակ, առաջինն են հանրության ուշադրությունը հրավիրել ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու անթույլատրելի արտահայտությունների վրա՝ արված հայտնի «Русское радио»-ի եթերով եւ այլն:

Ինչ վերաբերում է հանրահավաքներին՝ ապա մեր հայրենակիցները հնարավորություն կունենան արտահայտելու իրենց քաղաքացիական դիրքորոշումը, հայերը կկարողանան ցույց տալ իրենց միասնականությունը, իսկ մեր այլազգի ընկերները՝ իրենց համերաշխությունը՝ մեզ։ ՌՀՄ-ը դիմում է ներկայացրել քաղաքային իշխանություններին, որպեսզի արտոնեն ռուս հասարակության հանրահավաքը (այլ ոչ թե հայկական նեղ շրջանակի), որը կկայանա ապրիլի 24-ին: Մենք ծրագրում ենք անցկացնել բողոքի ցույց նաեւ Թուրքիայի դեսպանատան առջեւ: