2014 թվականից Ադրբեջանը մշտապես ավելացրել է լարվածությունը Ղարաբաղի հետ շփման գծում։ Այդ մասին գրում է ավստրալացի վերլուծաբան, Հոլոքոսթի եւ Ցեղասպանության ուսումնասիրման ավստրալական ինստիտուտի աշխատակից Մասիս Ինգիլիզյանը Bellingcat կայքում հրապարակած հոդվածում։ Ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը մասնակի կրճատումներով.

«Հայ վերլուծաբանները Ադրբեջանի ռազմավարության մեջ փոփոխություններ նկատել են 2014 թվականից։ Բաքվի ներկայիս ռազմավարությունը երկակի է։ Առաջինը՝ շփման գծում լարվածության աստիճանաբար աճը՝ Հայաստանին հանկարծակիի բերելու նպատակով։ Երկրորդ՝ ուժի լիակատար կիրառումը հենց հարձակման օրը։

Ապրիլի 2-ին Հայաստանին հանկարծակիի բերեցին։ Թեպետ բախումները, ռազմական դիրքերի փոխադարձ գրավումները բնորոշ են եղել հրադադարի համաձայնագրի 22 տարիներին, այս անգամ կիրառվել է խաղաղ բնակչության անկանոն ռմբակոծում։

Չնայած երկու կողմերում էլ առկա կրակային մեծ ներուժին, պատերազմը սահմանափակված է եղել սահմանամերձ գյուղերով։ Երկու կողմերն էլ հետեւում են դոկտրիններին, թե պատերազմը չպետք է հյուծի իրենց ռեզերվները կամ, ինչն ավելի կարեւոր է, խոշոր տարածաշրջանային կամ գլոբալ ուժերը։ Ուստի Հայաստանը չի հարվածում Ադրբեջանի ռազմաճակատի գծից այն կողմ գտնվող առանցքային ենթակառուցվածքներին, իսկ դա վերջին ժեստը կլիներ։

Ադրբեջանը նույնպես սահմանափակեց ռմբակոծումը սահմանամերձ ուժերով, եւ հաշվարկները հաստատում են, Ստեփանակերտի ուղղությամբ հարվածներ չեն եղել։Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ստեփանակերտը թիրախ կդառնա, եթե Ղարաբաղի ուժերը չհեռանան վիճելի տարածքներից։ Ի պատասխան Սերժ Սարգսյանը սպառնաց պատասխան հարվածներով, նաեւ Լեռնային Ղարաբաղի ճանաչմամբ, ինչը կարող է գործնականում բերել հակամարտության սրման։  

Bellingcat-ի տեղեկություններով, Ղարաբաղն օգտագործել է հակատանկային գումարտակները, եւ նրա կորուստների մի մասը կապված է տարբեր հատուկ ուժերի եւ Թալիշը հյուսիսից ու հյուսիս-արեւելքից վերահսկող բարձունքների համար մարտերի հետ։ Ադրբեջանի կառավարամետ Haqqin.az կայքը գլուխ էր գովում զինուժի նվաճումներից, հայկական ԶԼՄ-ները հաստատում էին մարտերը երկու գյուղերի համար։ Այդուհանդերձ, Ադրբեջանի ռազմական հարձակումները արագ ավարտվեցին։ Ղարաբաղի ուժերը սկսեցին վերականգնել վերահսկողությունը մարտադաշտում։ Ապրիլի 3-ից Թալիշի մերձակա տարածքն անցավ նրանց լիակատար վերահսկողության տակ, բայց դեռ հեռու էին գրավված դիրքերը վերադարձնելուց եւ մարտերը շարունակվեցին մինչեւ ապրիլի 4-ը։  

Ղարաբաղյան ուժերը երկրորդ գիծ քաշելը մտածված ռազմավարություն էր՝ միտված Ադրբեջանի կողմից զբաղեցրած ղարաբաղյան խրամատներին բարձրճշգրտությամբ հրետանիով հրաձգության համար տեղ բացելուն։ Եթե սկզբում Ղարաբաղի զինված ուժերը  կորցրեցին 8 դիրքեր առաջին երկու օրերին, Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը հայտնվեցին ուժգին կրակի տակ, ապա շրջափակման մեջ։ Դա էլ բացատրում է Ադրբեջանի կրած խոշոր մարդկային եւ նյութական կորուստները։

Ապրիլի 3-ի գիշերը նախագահ Ալիեւը հայտարարեց կրակի միակողմանի դադարեցման մասին։ Դա խորամանկ ռազմա-քաղաքական մարտավարություն էր՝ միտված ահղթելու գլոբալ տեղեկատվական պատերազմում։ Իրականում որեւէ հրադադար չի եղել։ Ընդհակառակը, Ալիեւի այդ հայտարարությանը հաջորդել է հարձակումների ինտենսիվացումը հարավային ուղղությամբ։ Տարածքների գարվումը Ադրբեջանի առաջին նպատակն էր եւ կարեւոր էր ներքին լսարանի համար։ Ռազմավարության երկրորդ մաս հարավում կարեւոր դիրքերի գրավումն էր։

Ղարաբաղի համար երկու կարեւոր հարցեր էին ռազմական գործողությունների ծախսերի հարաբերակցությունն ու ռեզերվների ժամանակին լրացումը։ Սահմանափակ բյուջեով, հակաօդային սարքավորումներով ուղղաթիռներ, անօդաչու սարքեր կամ փոքր թիրախներ խփելը ծախսատար կլիներ Ղարաբաղի համար։Ռեզերվների փոշիացումը խնդիր կլիներ կարճաժամկետ հեռանկարում նոր հարձակման կամ լայնածավալ պատերազմի դեպքում։ Ուստի Ղարաբաղը ուղղաթիռները խփում են նռնականետերով։ Թեեւ Ադրբեջանը չփորձեց Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ի եւ ուժերի ողջ պոտենցիալը, դադարեցրե օդային պատերազմն ու սահմանափակվեց իսրայելական կամիկաձե-անօդաչուներով՝ Ղարաբաղի ՀՕՊ-ի համար բարդ թիրախներով։

4-րդ օրն Ադրբեջանը կորցրեց առաջին ճեղքման ժամանակ գրաված գրեթե բոլոր դիրքերը (բացի երկուսից)։ Լայնածավալ գործողությունների վերջին օրը ղարաբաղյան ուժերը կարողացան վերջ դնել հրետանու եւ «Գրադ» կայանքների հարվածներին եւ ջանքերը կենտրոնացրին մյուս երկու դիրքերի վերադարձի վրա։ Ուժգնացան մարտերը Լելե Թեփեի եւ մի քանի այլ դիրքերի համար։

Ստացված տեղեկատվությունը թույլ է տալիս ենթադրել, որ դիրքերից մեկը կորսվել է հյուսիս-արեւելքում, Թալիշ գյուղի մոտ։ Ադրբեջանական բեմադրված լուսանկարներում պատկերված խրամատները կարող էին նկարված լինել մերձակա խրամուղիներից կամ գյուղից ոչ հեռու գտնվող հյուսիս-արեւելյան բարձունքներից։ Եւս մեկ դիրքի՝ Լելե Թեփեի գրավումը, Ֆիզուլիի մոտ, հաստատվել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից։ Այդ տվյալները հաստատում է եւ Google Images-ը։

Թեեւ երկու երկրների մարտական պլանները բարդ էին եւ լավ կատարված, անձնակազմի կորուստները ավելին էին, քան ակնկալվում էր, հատկապես ադրբեջանական կողմում: Ադրբեջանի  մարդկային եւ նյութական կորուստների եւ տարածքային ձեռքբերումների հարաբերակցությունը բարձր է, հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանը միայն մասամբ հասավ ռազմավարական դիրքերի գրավման նպատակին։ Սովորաբար պաշտպանվող կողմը երեք անգամ ավելի քիչ է տուժում հարձակվող կողմի համեմատ, եւ մենք գիտենք, որ Ղարաբաղի պաշտպանական մարտավարությունը մեծ կորուստներ է հասցրել Ադրբեջանի հատուկ ջոկատայիններին:

Առկա վիճակագրական տվյալների համաձայն, ղարաբաղյան կողմն ունի մոտ 50 զոհ, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, եւս 18-ը համարվում են անհետ կորած, թեեւ այս թվերն օր-օրի աճում են: Օգտագործելով տարբեր աղբյուրներից ստացվող գնահատականները, Bellingcat-ը եզրակացնում է, որ ադրբեջանական կողմն ունեցել է առնվազն 400 զոհ, եւ Ադրբեջանի կողմից զոհերի մասին տվյալները ակնհայտորեն նվազեցված են: Կան գնահատականներ, որ Ադրբեջանի կողմից զոհերը հասնում են հազարի, սակայն Bellingcat-ի պահպանողական գնահատականով դրանք 400-500-ի սահմաններում են»: