ԱՄՆ-ում ինքնասպանությունների թիվը 1999-ից սկսած 24 տոկոսով աճել է։ Նման տվյալներ են ներկայացված ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման վարչության վիճակագրական կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է ապրիլի 22-ին կազմակերպության պաշտոնական կայքում։
Միջինում ինքնասպանությունների թվի աճը 1999-2006թթ. կազմել է 1 տոկոս։ 2006-2014թթ. աճը միջինում եղել է 2 տոկոս, ասված է փաստաթղթում։ Այդ տվյալները վերաբերում են երկու սեռի բոլոր տարիքային խմբերին՝ 10-74 տարեկան։ Ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը 10-14 տարեկան աղջիկների մոտ է նկատվում։ Այս խմբի համար ցուցանիշը 3 անգամ աճել է։
Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի բժիշկ Ռասսել Ռոթմանը ABC News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ այդ փաստը հավանաբար կապված է տնտեսական եւ սոցիալական ճնշման տարբեր գործոնների հետ։ Ինքնասպանության դիմած մարդկանց մեծ մասը հոգեկան խանգարումներ ունեն կամ հոգեմետ դեղեր են օգտագործում, նշում են մասնագետները։



























