Ֆրանսիացի ժանդարմները Լանրելա (Բրետանի շրջան) գյուղում կանեփի արտադրության խոշոր ֆերմա են հայտնաբերել: The Local-ը հայտնում է, որ այնտեղ մարիխուանայի մոտ 900 թուփ էր աճում: Այդ թիվը գերազանցում է գյուղի բնակիչների թիվը. գյուղում մոտավորապես 800 մարդ է աճում:
Թմրանյութի արտադրության ֆաբրիկան մի քանի շենք էր զբաղեցնում: Շինությունները զինված էին ջեռուցման եւ բույսերի ոռոգման համակարգերով, ինչպես նաեւ հատուկ լուսավորող սարքերով: Բացի այդ, կանեփի տնկարանների նկատմամբ մշտական տեսահսկողություն էր իրականացվում, իսկ մուտքի մոտ ազդանշանային համակարգ էր տեղադրվել:
Օրինապահ մարմինների աշխատակիցները մոտ երեք օր նախապատրաստվել են թմրանյութ արտադրողների ձեռբակալությանը: Դրա արդյունքում կալանքի է առնվել 59-ամյա տղամարդ:
Անցյալ տարվա դեկտեմբերին ֆրանսիացի ոստիկանները մարիխուանայի խոշոր խմբաքանակ էին հայտնաբերել 2 մլն եվրո արժողությամբ: Թմրանյութը բեռնատարով տեղափոխում էր երկու իսպանացի: Երբ մեքենան կանգնեցրել էին, տղամարդիկ պնդել էին, թե բեռնատարը դատարկ է, սակայն վառելիքի բաքի ստուգման ընթացքում օրենքի պահապանները գրեթե 350 կգ արգելված նյութ էին հայտնաբերել:
Եվրոպական մի շարք երկրներում, օրինակ` Նիդերլանդներում եւ Չեխիայում, օրենքով թույլատրված է մարիխուանայի օգտագործումը: Այլ երկրներում, ինչպես օրինակ` Պորտուգալիայում եւ Ավստրիայում, գործում են կանոններ, որոնք «ապաքրեականացնում են» կանեփի շրջանառությունը. թույլ է տրվում դրա օգտագործում հատուկ սրճարաններում, փոքր քանակությամբ կանեփի մշակությունը չի հետապնդվում: Ֆրանսիայում մարիխուանայի օգտագործումը քրեական հանցագործություն է, հայտնում է Lenta-ն:



























