ԵՄ՝ կլիմայի եւ էներգիայի հարցերի հանձնակատար Միգել Արիաս Կանյետեն հայտնել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազամուղի նախագիծը կուժեղացնի Եվրամիության կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Կանյետեի խոսքով՝ խոսքն այն մասին է, որ ամբողջ եվրոպական գազի 26 տոկոսը եւ ռուսական գազի ներմուծման 80 տոկոսը գնալու է մեկ ճանապարհով, որը ռազմավարական բնույթ է կրելու։
«Դա իհարկե կփոխի եվրոպական գազի կառուցվածքը՝ դրանում դոմինանտ դարձնելով ռուսական գազը»,- ասել է նա։
Եվրահանձնակատարը նաեւ կարծում է, որ պետք չէ եվրոպական գազի շուկայում խստացնել մենիշխանությունը, որը վնասում է սպառողներին։ Նա նշել է, որ եվրոպական օրենսդրությունը պետք է կիրառվի նաեւ այդ նախագծի դեպքում՝ հաշվի առնելով բոլոր բնագավառները։
Կանյետեն ընդգծել է, որ էներգետիկ նախագիծը պետք է համապատասխանի էներգետիկ անվտանգության հիմնարար քաղաքական նպատակներին եւ սկզբունքներին։
Եվրահանձնակատարը նաեւ նշել է, որ ԵՄ-ն այդ հարցով խորհրդակցություններ է վարել ԱՄՆ-ի հետ։





























