Միջազգային կազմակերպություններին այս պահին ամենաշատը հետաքրքրում է  Ընտրական օրենսգրքի խնդիրը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն` անդրադառնալով  ԵԽԽՎ մոնիտորինգի  խմբի մայիսի 1-ին կատարելիք այցին:

«Միջազգային հանրությանն այն պահին ամենաշատը հետաքրքրում է Ընտրական օրենսգրքի խնդիրը: Եվ ոչ միայն Հայաստանի  հանրությունը, նաեւ միջազգային հանրությունը ցանկանում են կոնսենսուս, ինչը նշանակում է համաձայնություն բոլոր գլխավոր քաղաքական ուժերի միջեւ Ընտրական օրենսգրքի շուրջ:  4+4+4 ձեւաչափը նվիրված էր հենց այդ գործին, որ այդ կոնսենսուսին հասնենք, հիմա բոլորը սպասում են այդ գործընթացի շարունակությանը, ձեռք բերվելու է, թե ոչ»,-ասաց նա:

Զուրաբյանը կրկին շեշտեց, որ մինչեւ այս պահը կոնսենսուս չկա Ընտրական օրենսգրքի շուրջ. «Կոնսենսուս չկա:  Առաջին ընթերցման 95 կողմ ձայնը  իշխանությունն ուզում է ներկայացնել որպես կոնսենսուս, բայց մենք լավ գիտենք, թե դա ինչ է նշանակում:  Գիտենք, որ ըստ էության, բացի Հանրապետական կուսակցությունից եւ Դաշնակցությունից,  որեւէ լուրջ դերակատար չի համաձայնել, որ կոսենսուս կա»:

Անդրադառնալով ԵԽԽՎ մոնիտորինգի խմբից ակնկալիքներին, Զուրաբյանն ասաց. «Դրական քայլեր մենք պիտի կատարենք` ՀՀ քաղաքացիներս, բայց բնական, որ այդ պայքարում պետք է օգտագործենք միջազգային կազմակերպությունների օգնությունը,  մասնավորապես Եվրոպայի խորհրդի եւ նրա խորհրդարանական վեհաժողովի օգնությունը: Սա նշանակում է, որ մենք Հայաստանում հետեւողականորեն պայքար ենք տանում կոռուպցիայի դեմ, ընտրակեղծարարության դեմ, մեր առաջարկներով փորձում ենք լուծել այդ հարցը, ճնշումներ բանեցնել իշխանությունների վրա եւ միեւնույն ժամանակ տեղյակ ենք պահում այդ գործընթացների վիճակի մասին Եվրոպայի կառույցներին,  իրենք էլ, եթե կարող են, իրենց նպաստը բերեն այս գործում»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով, հանրային ճնշումը զուգորդելով  միջազգային հանրության համապատասխան կազմակերպության ճնշման հետ ինչ որ արդյունքի հնարավոր է հասնել:

Նշենք, որ մայիսի 11-ին, Հայաստան է այցելելու ԵԽԽՎ մոնիտորինգի խումբը կոռուպցիայի, Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի հարցերով մոնիտորինգ իրականացնելու: