Պաշտոնական տվյալներով, անցյալ տարի Հայաստանի պետբյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 0.4%-ով: Սակայն դրան հաջողվել է հասնել միայն նոր հարկի՝ «նպատակային սոցվճարների» շնորհիվ: Ներառված լինելով պետբյուջեի եկամուտներում՝ այս վճարները փոխհատուցել են այլ հարկատեսակների մասով հավաքագրումներում անկումը: Բայց դա միայն ժամանակավոր «հաջողություն» էր: Հիմա, երբ անցյալ տարվա ցուցանիշն արդեն ներառում է այդ հարկը, հարկային հավաքագրումներում բացասական միտումն ակնհայտ է:

Այսպես. հունվար-մարտին պետբյուջեի հարկային եկամուտները կրճատվել են 1.4 մլրդ դրամով (0.6%-ով): Դա հիմնականում կապված է ԱԱՀ-ի հավաքագրումների՝ 102 մլրդ դրամի չափով (10.5%) կրճատման հետ: Հարկային բազայի կրճատման պատճառները կապված են երկրի տնտեսության մեջ մի շարք բացասական միտումների հետ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Արդյունաբերության ընդհանուր ցուցանիշը կարող է մոլորության մեջ գցել ոլորտի իրական վիճակի առումով: Ըստ էության, միայն մետաղների արդյունահանումն է «շտկում» թվերի իրադրությունը: Սակայն ընդհանուր «աճի» տակ թաքնված է արդյունաբերության մի շարք ոլորտներում անկումը: Ընթացիկ տարվա հունվար-մարտից միայն մեկ օրինակ: Վերամշակող արդյունաբերության առաջատար ոլորտի՝ սննդամթերքի արտադրության ծավալներն ընթացիկ գներում կրճատվել են 8.8%-ով:

Դեռ անցյալ տարվանից ապրանքների գնման համար բնակչության ծախսերը սկսեցին հետեւողականորեն նվազել: Բացառություն չդարձավ նաեւ այս տարվա առաջին եռամսյակը. ընթացիկ գներում մանրածախ ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են 8.2%-ով:

Արտաքին առեւտրի ոլորտում հետընթացը նույնպես հանգեցնում է հարկերի հավաքագրման կրճատման: Հունվար-մարտին ավելացված մաքսատուրքի գումարը կրճատվել է 3.0 մլրդ դրամով (կամ 20.8%-ով): Հայտնի է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ դարձավ՝ ներկրվող ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման տարկետման կանոններով հանդերձ:

Դիտարկենք երկրի 1000 խոշորագույն հարկատուների տվյալները: Հաշվետու եռամսյակում նրանց վճարած հարկերի գումարը տարեկան կտրվածքով աճել է 2.8%-ով (այսինքն՝ հարկերի հավաքագրման մեջ փոքր եւ միջին բիզնեսի մասնաբաժինը կրճատվել է): Միաժամանակ, հենց հարկային մարմիններին «խոշորագույնները» 11.3%-ով ավելի հարկ են վճարել, իսկ ահա մաքսայինին, մեկ տարի առաջվա համեմատ, 16.1%-ով պակաս:

Ավտոմեքենաներն ավանդաբար ներկրման ծավալներով վարկանիշի վերին հորիզոնականներում են գտնվում: Անցյալ տարի 1.6 անգամ ավելի պակաս ավտոմեքենա է ներկրվել, քան նախորդող տարի: Իսկ ահա մաքսային արժեքի առումով անկումը զգալի է եղել՝ 2.1 անգամ: Այսինքն՝ մեծացել է հին մեքենաների մասնաբաժինը: Այս գործոնների ազդեցությամբ ներկրողների բճարած հարկերի գումարը զգալիորեն կրճատվել է: Հարկ է ենթադրել, որ հաշվետու եռամսյակում այս միտումները շարունակվել են:

Սմբատ Գրիգորյան