Եգիպտոսի Էլ Մատարիա վայրում հնագիտական պեղումների ժամանակ Լեյպցիգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են հատվածներ, որոնք կարող են պատկանալ Հին Եգիպտոսում Ք.ա 380-363 թթ. կառավարող Նեկտանեբ 1-ին փարավոնի տաճարին, հայտնում է Heritagedaily պորտալը:

Նեկտանեբ 1-ինը, Սեբեննիտների տոհմից էր սերում, նա Հին Եգիպտոսի երեսուներորդ՝ վերջին դինաստիայի հիմնադիրն էր: Նրա օրոք Եգիպտոսը տնտեսական ու շինարարական վերելք էր ապրում:

Հին եգիպտական Հելիոպոլիս վայրում անցկացվող պեղումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են մեծ քանակության քարեր, ինչը նրանք թույլ է տվել ստեղծել հին կառույցի ենթադրյալ սխեման: Ստացված տվյալներով, տաճարը պետք է կրային ռելյեֆ ունենար ու սյուներ՝ որոնց միջեւ սեւ բազալտով երեսպատված տարածքներ էին: Տաճարի արեւելյան դարպասները կառուցվել էին շագանակագույն ավազաքարից ու զարդարված գրություններով ու ծիսական տեսարանների պատկերներով: Հայտնաբերվել են նաեւ փորագրություններով մշակված բլոկներ ու արձան՝ հին եգիպտական Բաստ աստվածուհու տեսքով:

Տաճարից հարավարեւելք հետազոտողները գտել են հին արհեստանոց, որը պատկանում է Ք.ա 4-րդ դարին, նաեւ Ռամզես 2-րդի տաճարի ենթադրյալ վայրը, ինչի մասին են վկայում հսկայական քանդակային կառույցների ու մեծ ռելյեֆային բլոկների հատվածներ: