Ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, որոնք համաձայն են երկրում սահմանափակել ալկոհոլի օգտագործումը, փոխանցվել է Լիտվայի ԿԸՀ: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այդ մասին ճեպազրույցին հայտնել է «Սթափ սերունդ» հասարակական խմբի համակարգող Յուոզաս Դապշաուսկասը:
Դապշաուսկասի խոսքով, ստորագրած 61 հազար քաղաքացիներից բացի, եւս 1,766 հազարը ստորագրել է ինտերնետով:
Ստորագրահավաքի նախաձեռնողներն առաջարկում են արգելել ալկոհոլի գովազդը, ալկոհոլային խմիչքների վաճառքը թույլատրել միայն հատուկ խանութներում եւ մեծացնել տարիքը, որում կարելի է ալկոհոլ օգտագործել` սահմանված 18 տարեկանի փոխարեն հասցնելով 20-ի:
«Գիտական հետազոտությունների տվյալներով, եթե մեծացվի տարիքային ցենզը, կվերաբաշխվի նաեւ սկզբնական տարիքը: Օրինակ, այժմ մարդիկ ալկոհոլ օգտագործել սկսում են 15 տարեկանից, հետո կարող են սկսել 17 տարեկանից: Վերաձեւակերպվում է տարիքը, երբ նրանք սկսում են խմել», — լրագրողներին ասել է Դապշաուսկասը:
Նախագիծը խորհրդարանին ներկայացնելու համար նախաձեռնողները երկու ամսում պիտի քաղաքացիների առնվազն 50 հազար ստորագրություն հավաքեին: ԿԸՀ-ն 15 օրվա ընթացքում պիտի ստուգի ստորագրությունները եւ հաստատի, որ այս նախաձեռնությանն առնվազն 50 հազար անձ է աջակցել: Դրանից հետո նախագիծը խորհրդարանի քննարկմանը կփոխանցվի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Լիտվան Եվրոպայի ամենախմող երկրների եռյակի մեջ է:




























